Հանդիպում անցյալի հետ (վրաց.՝ შეხვედრა წარსულთან), 1966 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Նախնական աշխատանքային անվանումը եղել է «Երկու կյանք»[1]։
1920-ական թվականների սկիզբն է, խորհրդային կարգերի հաստատումից հետո Վրաստանի լեռնային գյուղում սկսվել է կոլեկտիվացման դժվարին գործընթացը։ Նինոն հեռանում է հայրենի գյուղից։ Անցնում են տարիներ։ Նինոն դարձել է հայտնի վիրաբույժ և վերադառնում է գյուղ՝ մասնակցելու կոլխոզի հիմնադրման երեսնամյակի միջոցառմանը։ Նրա ժամանման օրը գետի ափին գտնում են անծանոթ թափառականի, որ ծանր վիճակում է։ Սկսելով վիրահատությունը՝ Նինոն ճանաչում է այդ մարդուն, որ իր նախկին ամուսինն է, Ակիան։ Վիրաբույժ կինը մտքով վերադառնում է այն հեռավոր ժամանակներին։ Ակիան՝ հարուստ Ալմասխանի որդին, բռնաբարում է Նինոյին և ստիպված է լինում ամուսնանալ նրա հետ։ Որոշ ժամանակ անց, պայքարելով խորհրդային կառավարության դեմ, Ակիան փախչում է Թուրքիա։ Երբ գալիս են Ալմասխանին կուլակաթափ անելու, նա հրդեհում է իր տունը։ Հրդեհում զոհվում է Նինոյի ու Ակիայի մանկահասակ որդին։ Նինոն ընդմիշտ լքում է հայրենի գյուղը, որտեղ ինքն այնքան դառնություններ է կրել։